Շիրակի մարզից գերեվարված անձանց հարազատներն այսօր նորից փակել էին միջպետական ավտոճանապարհները։ Օրվա տարբեր ժամերի խաթարվել էր Գյումրի-Երևան ավտոճանապարհի՝ Հոռոմի, Լանջիկի, Ազատանի հատվածների երթևեկությունը, նաև Գյումրի-Բավրա ավտոճանապարհը Քեթի գյուղի մոտ, Բենիամինի կամուրջ կոչվող հատվածը։
Ցուցարարների մի խումբ էլ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց էր։ Պահանջը մեկն էր՝ հստակ տեղեկություններ իրենց հարազատների մասին՝ որտեղ են և նրանց վերադարձնելու համար ինչ աշխատանքներ են տարվում:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ շիրակցիների մի խումբ հանդիպեց Ռուսաստանի հյուպատոսին։ Փոխանցելով մտահոգությունները՝ խնդրեցին քայլեր ձեռնարկել տղաներին անվնաս վերադարձնելու համար։
Մարզպետը հայտնեց, որ գերիների մասով առայժմ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, բայց շրջափակման մեջ գտնվող շիրակցիների մասով լավ նորություն ունի։
Շիրակի մարզից գերեվարված անձանց հարազատների հետ այսօր ավելի ուշ հանդիպեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը հանդիպումից հետո հայտնեց, որ գերեվարված անձանց հարցն այսօր նորից քննարկել է հայկական Կարմիր Խաչի նորանշանակ ղեկավարի հետ։ Հայաստանի օմբուդսմենի խոսքով՝ առաջնահերթ անելիքը տվյալների հավաքագրումն է ու ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելը։
Առաջիկայում, շիրակցիների խնդրանքով, գերավարված շիրակցիների հարազատները կհանդիպեն նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։