Այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը:
Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանը միացան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։
Ողջունելով ներկաներին՝ Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում՝ նշելով․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի էլ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։
Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձավ dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։
Միջոցառմանը նաև տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:
Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս: