Մի քանի ժամ առաջ Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև: Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգիայի հայերի կոմիտեի ներկայացուցիչ Արմինե Հարեյանը։
Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը» և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը թեթևացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն:
Ի թիվս այլ դրույթների՝ խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում, և պահանջում է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և զերծ մնալ «տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից:
Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար: Կոմիտեն կոչ է անում կառավարությանը՝ առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:
Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարկվել էր պատգամավոր Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով դեկտեմբերի 9-ը սահմանվում է Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր:
Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը: Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը և խոսնակը: Դեռևս 1922 թ. հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ:
Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30․000 մարդ: