ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խորհրդականները պատրաստվում են բանակցություններ վարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ փորձելով վերջ դնել Արևմտյան կիսագնդի տնտեսական և հումանիտար ծանրագույն ճգնաժամին: Այս մասին հայտնում է bloomberg-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երեք աղբյուրի:
Բայդենի վարչակազմը մտադիր է հասնել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը` դրա դիմաց առաջարկելով պատժամիջոցների մեղմացում: Ի տարբերություն Թրամփի վարչակազմի, որը հայտարարում էր, թե կբանակցի միայն Մադուրոյի կապիտուլյացիայի դեպքում, Բայդենի խորհրդականները նման պայման չեն դնում և բաց են ուղղակի բանակցությունների համար:
Ընտրված նախագահի թիմը կվերանայի առկա պատժամիջոցները՝ պարզելու, թե որտեղ ընդլայնել սահմանափակումները միջազգային դաշնակիցների օգնությամբ և ինչ միջոցներ չեղարկել, եթե Մադուրոն շարժվի ժողովրդավարական ուղիով: Ակնկալվում է, որ Վենեսուելայի նախագահի օտարերկրյա աջակիցները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, կնպաստեն ԱՄՆ-ի նրա հետ հարաբերությունները բարելավելու հարցում: