ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել՝ գրում է Ermeniahaber-ը:
Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խոր անհանգստությունն են հայտնել Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, տարածաշրջանում ու երկրի ներսում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:
Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներին՝ դրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ:
«Էրդողանը, որը Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ վարձկաններ է ուղարկել, այլ միջազգային հակամարտություններ էլ է հրահրել»,- ասված է հայտարարության մեջ:
Կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի տարածքային ջրերի սահմանները խախտելու, նավթագազային հորատման աշխատանքներ իրականացնելու, «Համաս»-ին աջակցելու և ԱՄՆ կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ապաստան տալու, ինչպես նաև դատական իշխանությունը Էրդողանին ենթարկեցնելու և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչությունների աշխատակիցների դեմ դատական հետապնդումներ իրականացնելու համար: