Կոնսերվարտորիայի ուսանողները Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան են կատարում: Փորձերն ամենօրյա են, որ դեկտեմբերի 22-ին կարողանան լավագույնս ներկայանալ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մեկուկես ժամանոց մեծ համերգի ունկնդիրը հայ զինվորն է լինելու:
Շահանե Աղաքարյան (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող) - «Մենք երկուսով ալտիստի հետ նվագում ենք Շուբերտ՝ ալպեջոնի սոնատ: Շատ պատասխանատու համերգ է, ու կփորձենք դրսևորել առավելագույնս»:
Համերգը երաժիշտների երախտիքն է հայ զինվորներին, որ 44 օր կռվեցին ու հերոսացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Կմասնակցեն նրանք, ովքեր կգնեն սիմվոլիկ տոմսեր՝ այսպես ասած երախտիքի հավաստագրեր՝ 5000-ից մինչև 100.000 դրամով: Համերգին նախորդելու է հանգանակությունը: Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Արմեն Բաղդասարյան (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր) - «Նաև հնարավորություն են տալու այս հանգանակությամբ իրենց փոխարեն զինվորը ներկա լինի որպես հանդիսատես համերգում, այսինքն՝ մենք նոր մոդել ենք առաջարկում նաև հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները»:
Բարեգործական դասական համերգին կմասնակցեն տարբեր բուհերում ուսումը կիսատ թողած 400 ուսանող-զինվորներ, նաև կամավորականներ, որոնք դեկտեմբերի 22-ին կգտնվեն արձակուրդում: Պրոռեկտոր Հովհաննիսյանն ասում է՝ ծրագիրը բազմաժանր է. հնչելու են բարոկկո շրջանից մինչև ժամանակակից ստեղծագործություններ.
Արամ Հովհաննիսյան (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր) - «Ընդգրկված են լինելու տարբեր ժանրերի մեկ տասնյակ ստեղծագործություններ, որոնք կատարելու են թե մեր ուսանողները տարբեր կուրսում սովորող, ինչպես նաև մեր դասախոսական կազմի ներկայացուցիչներ»:
Կոնսերվատորիայում նախատեսում են «Համերգ երախտիքի» ծրագիրը դարձնել շարունակական, շարք սկսել ու ներառել բուհի բոլոր ուսանողներին: Տաղանդը լսելի դարձնել, հանգանակված գումարն էլ կարևոր նպատակի ուղղել: