Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք բնակվել են այսօր արդեն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, իսկ այժմ բնակվում են ՀՀ-ում: Նրա խոսքով՝ միջոցառման նպատակը տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու համար աջակցություն տրամադրելն է։
Ծրագիրը ենթադրում է ժամանակավոր աջակցություն՝ 3 ամիս տևողությամբ՝ նշեց նախարարը:
«Միջոցառումը ենթադրում է մինչև 3 ամիս ժամկետով գործազուրկ անձանց թույլ տալ գործատուների մոտ անցնել որոշակի աշխատանքի, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամի չափով: Միևնույն ժամանակ նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամի չափով»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ առաջիկայում Արցախում նախատեսված են ավելի երկարաժամկետ աշխատանքի խրախուսման միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ապահովել կայուն եկամուտով:
Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ։ Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։