Դեկտեմբերի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի Բուխարեստի գրասենյակի նորանշանակ տնօրեն Էրիկ Պոպպեին: Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
Շնորհավորելով Էրիկ Պոպպեին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանի համար ՖՄԿ անդամակցությունը կարևոր նշանակություն ունի ինչպես մշակութային ու գիտակրթական ոլորտներում համագործակցության, այնպես էլ ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ հարաբերությունների կառուցման գործում:
Զրուցակիցները համաձայնել են, որ Երևանում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն, այդ առումով, չափազանց կարևոր էր, իսկ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներն ու գործընթացներն ավելի արդիական են դարձնում գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսը՝ նշելով, որ կազմակերպության հասարակական և քաղաքական հարթությունը պակաս կարևոր չէ հումանիտար, մշակութային և արժեհամակարգային հարթություններից:
Այս համատեքստում դեսպանը նաև կարևորել է դեկտեմբերի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացրել էր Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությանն սպառնացող վտանգները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել BRECO-ի և Ռումինիայում ՀՀ դեսպանության արդեն իսկ ավանդական դարձած սերտ համագործակցությունը: