Արցախի Նոր Շենից հակառակորդի հենակետը երևում է անզեն աչքով, բայց համայնքը վերադառնում է բնականոն կյանքին: Էլեկտրաէներգիայի բացակայությամբ գյուղի պոմպակայանը չի աշխատում՝ մի քանի շաբաթ ջրամատակարարում չունեին: Երեք օրը մեկ 12 ժամով էլեկտրական հոսանք են ստանում:
Գևորգ Հարությունյան, Նոր Շեն համայնքի ղեկավար - Այնպես է լինում, որ գիշերն են հոսանք մատակարարում: Գիշերը չենք քնում, որ գործերն ավարտենք:
Բարձրավոլտ հոսանքագծերը Մարտունու շրջանում վնասվել են պատերազմի օրերին: Հենց դա է պատճառը, որ Նոր Շենում, և ոչ միայն, հոսանք ստանում են գրաֆիկով: Խնդիրը լուծվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ 65 կիլովատ ժամ հզորությամբ դիզելային գեներատորի տեղադրմամբ:
Էդվին Գրիգորյան, «Թուֆենկյան» հիմնադրամի արցախյան ծրագրերի կառավարիչ - Սա ամբողջությամբ ապահովելու է գյուղի ջրամատակարարման հարցը: Գյուղը ջրի պրոբլեմ չի ունենալու մինչև հոսանքի վերջնական կարգավորումը:
Ենթակառուցվածքների խնդրին նաև դպրոցում են բախվում՝ աշխատում են առանց հոսանքի և ինտերնետ կապի: Մանկավարժները հիշում են 90-ականներն ու հաղթահարում դժվարությունները: Ելենա Սարգսյանն ասում է՝ դժվարություններից չեն ընկճվում:
Ելենա Սարգսյան, մանկավարժ - Մենք չենք կորցնում մեր հավատը, հույսը: Բացի դրանից, մենք հավատում ենք մեր ապագային: Չնայած այս դժվարություններին՝ սիրով հաճախում են: Գրեթե բացականեր չունենք:
Սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու՝ Արցախի կառավարության ջանքներին միանում են բարեգործները: Նկատում են՝ կարևորը, որ մարդիկ ապրում և ապրեցնում են իրենց բնակավայրերը: