Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը «Լուրերին» ներկայացրել է Սյունիքում ստեղծված վիճակը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության՝ որոշ դիրքերից նահանջելու հանձնարարությանը:
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհահատվածին, որը մասամբ դուրս է մնում հայկական կողմի հսկողությունից, Փարսյանն ասել է՝ իր տեղեկությամբ այնտեղ հերթապահություն են իրականացնելու ռուս սահմանապահները:
«Այսօր առավոտյան ՊՆ-ի կողմից հրաման տրվեց մեր զինվորականներին, որ մինչև վաղը ժամը 17.00-ը պետք է զիջենք մեր զբաղեցրած դիրքերը, այն դիրքերը, որոնք մեզ համար տվյալ պահին շահեկան են, ավելի նպաստավոր են: Շահեկան են նրանով, որ մեծ առումով մենք այդ դիրքերով ապահովել ենք մեր համայնքի, մեր բնակչության անվտանգությունը:
Կապան քաղաքի բնակելի հատվածից սահմանի հեռավորությունը լինելու է 1 կմ, ինչը լուրջ խնդիր է:
Բացի այդ, այլ խնդիրներ կան՝ կապված մայրուղու, օդանավակայանի, գյուղերի, գյուղեր տանող ճանապարհների հետ: Ես կարող եմ հստակ ասել, որ մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: