Արցախի հայկական ժառանգությունը սպիտակ եղեռնից փրկելու համար ճարտարապետների խումբը նոյեմբերի վերջին շտապեց հակառակորդին հանձնվող տարածքներ՝ փաստագրելու հայկական հարուստ պատմամշակութային հուշարձանները:
Արման Թորոսյան (ճարտարապետության թեկնածու) - Մոտ 12 գեգաբայթ, օրվա ընթացքում չիպը դատարկում էինք, փոխում:
Քարվաճառից Բերձոր՝ աշխատել են երեք օր, գիշեր-ցերեկ: Գիշերը լուսանկարահանել, տեսանկարահանել են լուսարձակների օգնությամբ:
Արման Թորոսյան - Պատերի մեջ՝ քարերին, կան հայերեն տառերով արձանագրություններ, սեպագիր արձանագրություն փորագրած: Այն, որ հայկական չէ, աբսուրդի ժանրից է: Ի՞նչ է նշանակում՝ Դադիվանքը հայկական չէ, Դադիվանքը մինչև հեթանոսական տաճարի հետքեր են, ինչի վրա 4-րդ դարում կառուցվել է քրիստոնեական եկեղեցի:
Ժխտել՝ կնշանակի դեմ գնալ պատմությանը: Առաջինն այցելել են Դադիվանք: Դրոնով նկարել, ֆոտոփաստագրել, եռաչափ մոդելավորել, սքանավորել են: Արցախից բերած բացառիկ արժեքավոր նյութն այժմ մշակում են:
Վարդան Ղարիբյան (Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գեոդեզիայի ամբիոնի դասախոս) - Հոչանցի եկեղեցին ա, ամբողջությամբ 3D սկանավորել ենք: Ստացել ենք եռաչափ մոդելը, այս պահին կետային ամպն ա, փոինթ քլաուդ ա կոչվում:
Սկանավորումը միլիմետրի ճշգրտությամբ ցույց է տալիս ամբողջ հուշարձանի տարածական պատկերը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի՝ հետագայում վանդալիզմի, հուշարձանները պղծելու դեպքում այն վերականգնել նախնական տեսքով:
Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ հուշարձաններն Արցախով մեկ սփռված մարգարիտներ են: Իրենց միավորել է դրանք կորցնելու տագնապը:
Գառնիկ Ստեփանյան (Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոռեկտոր) - Ճարտարապետական դետալների լուսանկարահանում, ֆոտոգրանոմետրիկ եղանակով լուսանկարահանում՝ դա որոշակի պրոֆեսիոնալիզմ է պահանջում, որ հետագայում վերականգնման աշխատանք կատարելու ժամանակ լուսանկարներից վերականգնվի ճշգրիտ մասշտաբը:
Սամվել Շահինյանն ամուր գրկել է Արցախի մշակույթին նվիրված նոր գիրքը: 90-ականներին մասնակցել է Արցախյան ազատամարտին: Աշխատանքն իրականացվել է մինչև պատերազմը՝ արտասահմանցի գիտնականների հետ միասին:
Սամվել Շահինյան (Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և կենսանվտանգության ամբիոնի վարիչ) - Մեր սուրբ պարտականությունն է անընդհատ փաստաթղթավորել և յուրաքանչյուր հուշարձանի համար ստեղծել իր անձնագիրը, որը մեր լինելիության, մտավոր և այլ ընդունակությունների անձնագիրն է:
Ճարտարապետի խոսքով՝ Հոչանցի եկեղեցին, Ծիծեռնավանքն իրենց տեսակի մեջ եզակի են. այդ մասին նաև կգրեն՝ ամբողջ նյութը մանրամասն ուսումնասիրելուց հետո: