Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս իր նստավայրում հյուրընկալել էր մի խումբ հադրութցիների։ Նրանք ներկայացրել էին իրենց խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին Հադրութից տեղահանվածների հարցն իրավական հարթություն տեղափոխելուն, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելուն, ինչպես նաև անօթևան մնացած հադրութցիներին աջակցելուն: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս աջակցել հադրութցի մեր հայրենակիցներին։
Հանրապետության նախագահի հանձնարարությամբ տեղի են ունեցել նախագահի աշխատակազմի և հադրութցիների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ, որոնց արդյունքում որոշվել է առաջնային լուծում տալ անօթևան մնացածների խնդիրներին՝ միաժամանակ, շարունակելով ջանքերը մյուս հարցերի լուծման ուղղությամբ:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն աշխատանքային քննարկում է ունեցել տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանի հետ: Հանդիպմանը նշվել է, որ լուծման ընթացքում են Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերը․ նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում: Աջակցությունը կտրամադրվի Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից:
Տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին և նախագահի աշխատակազմին՝ նշելով, որ տեղահանված հադրութցիների խնդիրներին առաջինն արձագանքել են հենց նրանք, և տրամադրված միջոցներով իրենք ձեռնամուխ են եղել խնդիրների լուծմանը։
Քննարկմանը նշվել է, որ Ամանորին ընդառաջ առանձին ուշադրության և աջակցության կարժանանան նաև Արցախից տեղահանված և ՀՀ սահմանամերձ դարձած համայնքների երեխաները: