Քանի դեռ հիվանդներն ամբողջությամբ չեն առողջացել, Հասմիկ Երվանդովնայի համար հիվանդանոցից այն կողմ կյանքը կանգ է առած: Լույսը դեռ չբացված՝ արդեն հիվանդանոցում է, տուն է վերադառնում կեսգիշերին մոտ: Երբ «էրեբունիում» դեռ քովիդ բաժանմունք էր գործում, բժշկուհին շատ անգամ նույնիսկ գիշերել է այստեղ: Հիմա էլ ծնողի հոգատարությամբ ու իրեն հատուկ պրոֆեսիոնալիզմով մասնակցում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների բուժմանը:
Հասմիկ Սաիյան («Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն) - Զինվորների նկատմամբ, բնականաբար, մի քիչ այլ վերաբերմունք ունենք մենք:
Վիրավոր զինծառայողների թվում, ի դեպ, քիչ չեն նաև քովիդով վարակվածները, ինչն իր հերթին կրկնապատկում է զինվորի բուժման ու խնամքի գործընթացը: Այս ամենին գումարվում են նաև պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները:
Հասմիկ Սաիյան - Իրենց հոգեբանական լարվածությունը մի քիչ ավելի շատ հոգեբանների գործն է, թեպետ բոլորս էլ կարծես հոգեբաններ ենք դարձել, աշխատում ենք հետները այդ ուղղությամբ:
Զինվորը հոգեբանի կարիք կունենա, վիրահատության թե այլ ծառայությունների՝ պետության կողմից երաշխավորված ծրագրով բուժօգնությունն անվճար պետք է ստանա: Հայաստանի մարզերի ու Երևանի 130 մասնավոր ու պետական բուժհաստատության հետ առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել:
Քնար Ղոնյան (ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) - Նախատեսվում են առողջության առաջնային ծառայություն, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացում, հիվանդանոցային բուժօգնություն, այդ թվում՝ ԿՏ, ՄՌՏ, ԿՏ անգիոգրաֆիա, մյուս բոլոր հետազոտությունները, որոնք նախարարի հրամանով հաստատված ցանկում ընդգրկված են, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ: Այդ ամենը ներառված է երաշխավորված ծառայությունների փաթեթում:
Կփոխհատուցվեն բուժկենտրոն դիմած ու ծառայություններ ստացած բոլոր այն զինվորականների, կամավորների ու պահեստազորայինների ծախսերը, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին ու վիրավորում ստացել:
Քնար Ղոնյան - Բոլոր խմբերն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության արտոնություններից, ապահովվում է հիվանդանոցային բուժօգնությունը, ապահովվում է վերականգնողական բուժօգնությունը:
Եթե սպասարկվող անձը զինվորական է, հիվանդանոց է ուղեգրվում պաշտպանության նախարարությունից: Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, նրանց ուղեգրերը տրամադրելու են պոլիկլինիկաները: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ Արցախի քաղաքացիները, նման ուղեգրեր ստանալու, ինչպես նաև առաջնային օղակի բուժսպասարկումից օգտվելու համար պետք է հաշվառվեն Հայաստանի ցանկացած պոլիկլինիկայում՝ իրենց նախընտրությամբ: