Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հյուրընկալողը փոխհատուցում կստանա մինչև 3 ամիս ժամկետով՝ ՀՀ-ում յուրաքանչյուր չափահաս անձի հաշվարկով 30 հազար դրամ, ԱՀ-ում՝ 45 հազար դրամ:
Նախարարը հստակեցրեց, որ մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով:
Առաքելյանի խոսքով՝ այս պահին արցախահայությանն աջակցելու նպատակով ընթացքի մեջ է երկու միջոցառում: 90 հազար մարդ արդեն դիմել է աջակցության, մոտ 85 հազարը ծանուցվել են աջակցություն ստանալու մասին: Մոտ 60 հազար քաղաքացի արդեն փաստացի ստացել է գումարը, մյուսների մասով աջակցության տրամադրումն ընթացքի մեջ է: