Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրեսին» հաղորդել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատվեն:
«Խոսքն այն տարածքների մասին է, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը, անվտանգության գոտու ապահովման համար: Այդ մասին մեզ ասել են զինվորականները: Սա շատ ցավալի իրողություն է, նորից ու նորից ահազանգում ենք անվտանգության հետ կապված: Փաստորեն Կապանից երկու ուղղությամբ գյուղեր տանող ճանապարհների որոշ հատվածներ ընկնում են թշնամու տարածքում»,- ասել է համայնքի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրել է, որ անվտանգության ապահովման համար առաջարկվում է սահմանել ռուս սահմանապահների հերթապահություն: Գևորգ Փարսյանի խոսքով՝ կան համայնքներ, որոնք փաստորեն չունեն այլընտրանքային ճանապարհ, և դրա անհրաժեշտությունը խիստ օրակարգային է դառնում:
«Կապանը շատ լուրջ անվտանգության խնդրի առաջ է կանգնում, ինչպես նշեցի՝ ճանապարհների հարցը: Դրանից բացի, սահմանային հատվածը ստացվում է Կապանի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա, օդանավակայանից, Կապան քաղաքի արտադրական հատվածից մոտ 200 մետր հեռավորություն, այսինքն՝ լուրջ անվտանգության հարց է առաջանում: Ներդրումների խնդիր կլինի, զբոսաշրջության մասին էլ չեմ մտածում»,- հավելել է համայնքի ղեկավարը:
Կապանցիները, քաջարանցիներն այսօր փակել են Մ2 մայրուղին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այս հարցերի հետ կապված: Գևորգ Փարսյանը նշել է, որ այն դեռ շարունակում է փակ մնալ: Բնակիչների հետ հանդիպել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և լսել նրանց խնդիրները:
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։ Գևորգ Փարսյանը նշել է, որ նախարարը Կապան չի այցելել և հանդիպում տեղի չի ունեցել: