Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ։
«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։
Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։
Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- գրել է նա։