Արցախի նռան ու արքայախնձորի նոր հիմնած 2500 հա այգիներից առաջիկայում հնարավոր կլինի մշակել, բերքը քաղել միայն 500 հա-ից: Մնացածը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում: Չենք կարողանա օգտագործել նաև վերջին տարիներին ոռոգման ջրագծեր անցկացված մեր շատ դաշտեր, վարելահողեր, տրակտոր-կոմբայն,- պատերազմի առաջացրած գյուղատնտեսական վնասներն է Արցախից տեսակապով թվարկում Բենիկ Բախշյանը:
Արտերն ու այգիներն Արցախում նախընտրել են ազատագրված տարածքների վրա հիմնել՝ բերրի սևահողի ու հարթ ռելիեֆի պատճառով: Հիմա եղած դաշտերում ինչքան էլ ցանեն, արցախյան ձեթի գործարանն, օրինակ, հումքի խնդիր է ունենալու: Ըստ փորձագետ Բաշխյանի, երկիրը հազիվ կարողանա ապահովել տարեկան մթերվող արևածաղկի 20 տոկոսը: Ցորենը, որ նաև Հայաստան էին արտահանում, փորձելու են բարձր բերքատու սորտերի հաշվին նախ իրենց՝ Արցախի հացահատիկն ապահովել:
Գյուղմթերք վերամշակող ճյուղը նույնպես տուժել է պատերազմից:
Բենիկ Բախշյան, գյուղատնտեսական փորձագետ - Ձեռնարկության առումով կորուստը եղել է Կատարո գինին՝ իր այգիներով հանդերձ, այն մնացել է Ադրբեջանին: Հադրութում ևս երկու փոքր ընկերություն է մնացել, որ զբաղվում էին գինեգործությամբ:
Մարդկանց մի մասը կենդանիներին կորցրել էր հրետակոծությունների ընթացքում: Ոմանք էլ տեղահանման փուլում ստիպված մոտ 70 հազարով վաճառել են 400-ից 500 հազար դրամ արժեցող կովերին: Դրանք Սյունիքում այժմ վաճառվում են մինչև 200 հազարով: Եթե ապրանքը գնեն մսագործները, գարնանը նաև Հայաստանն է կաթի ու մսի պակաս ունենալու՝ մանավանդ, որ երկրի հարավում կով-ոչխար պահողները զրկվում են Կովսականի կանաչ արոտներից,- մտահոգված է փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Գառնիկ Պետրոսյան, գյուղատնտեսական փորձագետ - Մասնավորապես, Գորիսի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանները լուրջ խնդիր էին կարողանում լուծել հատկապես ազատագրված տարածքների արոտների հաշվին:
Անասնագլխաքանակը պահելու համար անհրաժեշտ է կերի հարց լուծել՝ գյուղատնտեսական փորձագետի խորհուրդն է: Զուգահեռ, որտեղ հնարավոր է, վարել-ցանել, անմշակ հող չպետք է մնա: