Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մեկնել էր առաջնագիծ, դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:
2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը 57 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը համառ պայքարում 5:4 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին:
Եզրափակչի ուղեգրի համար Հարությունյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Ստևան Միչիչի դեմ և հաղթելով 7:4 հաշվով՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր դառնալու հնարավորություն է ստացել: Այսօր կայանալիք վճռորոշ գոտեմարտում Արսեն Հարությունյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևը:
Երեկ Բելգրադում գորգ են դուրս եկել նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Անդրեասյանը և Ալիխանյանը, պարտվելով համապատասխանաբար 1/8 և 1/4 եզրափակիչներում, իրենց մրցակիցների՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն են ստացել, իսկ Մաղաքյանը դուրս է մնացել մեդալային պայքարից:
Այսօր մեկնարկի են դուրս գալու Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ): Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: