Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը թշնամական հարձակում է իր երկրի ինքնիշխան իրավունքի դեմ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստմամբ՝ այդ քայլը ձախողվելու է՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցներին՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ խնդիրը հաղթահարելու են, և խոստացել է ջանքեր գործադրել անկախ պաշտպանական ոլորտի արդյունաբերության խթանման համար՝ միաժամանակ Վաշինգտոնին խիստ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակցին պատժելու համար:
«Ի՞նչ տեսակի դաշինք է սա: Ի՞նչ գործընկերություն է սա: Այս որոշումը բացահայտ թշնամական հարձակում է մեր երկրի ինքնիշխան իրավունքի դեմ»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի իրական նպատակն է արգելափակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խթանումն ու ևս մեկ անգամ կախման մեջ գցել ԱՄՆ-ից: