ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով:
Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը, մասնավորապես, ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:
Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները, ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ-ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի: