ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ պատասխանել է ТАСС գործակալության թղթակցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին ու դրա վերսկսմանը վերաբերող հարցին:
«Ինչու է հակամարտությունն այժմ սկսվել: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այդ լարվածությունը ձգվել է երկար տարիներ: Չեմ կարծում, որ այն տեղի է ունեցել արտաքին միջամտությամբ: Բազմիցս կրակահերթեր, մանր բախումներ են եղել, որն ի վերջո վերածվել է հակամարտության: ՌԴ-ի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ մենք առանց արյունահեղության պետք է հասնենք կարգավորման: Հենց դա է եղել մեր դիրքորոշումը Մինսկի խմբում, որը հանանախագահել են Ռուսատանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մենք երկար տարիներ հավատարիմ ենք եղել մեկ դիրքորոշմանը, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ՝ այնտեղ հետագայի համար պետք է ֆիքսվի ստատուս քվոն, սակայն անպայման պետք է ստեղծվի շփման հնարավորություն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև, որի համար էլ օգտագործվում է Լաչինի միջանցքը: Դա կապ է Հայաստանի ու Արցախի միջև: Ինչո՞ւ Լաչինի միջանցք, որովհետև ճանապարհն անցնում է Լաչինի շրջանով»,- հայտարարել է ՌԴ նախագահը: