Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց և ընդունվեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Հարցով զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառման նպատակը 3 ամսով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովումն ու երկրում սոցիալական լարվածության մեղմումն է։
«Նմանատիպ ծրագիր ունենք, որն իրականացվում է համայնքների հետ, ներգրավվում են հիմնականում գյուղաբնակ համայնքների բնակիչները, որոնք վարձատրվում են մեկ աշխատանքային օրվա համար 8 հազար դրամի չափով»,- նշեց Առաքելյանը:
Միջոցառման շրջանակում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը: Շահառուն չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի վարձատրվող հասարարակական աշխատանքներում։ Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը։