Արդեն երրորդ ժամն է` ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: ՌԴ նախագահը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում է։ Ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 774 լրագրող։ Ամբողջ աշխարհին պատուհասած կորոնավիրուսը Ռուսաստանի տնտեսությանը շատ չի վնասել՝ ասում է նախագահը, այն կայուն է: Ռուսաստանի տնտեսությունը սկսում է դուրս գալ նավթագազային հենք ունեցողի կարգավիճակից: Համավարակին էլ առողջապահական համակարգը դեռ դիմադրում է: ՌԴ ղեկավարը հերթական անգամ հերքել է արևմտյան մամուլում տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ պետական կառույցների վրա կիբերհարձակումը ռուս հաքերների ձեռքի գործն է: Պուտինը նաև նշել է, որ երբևէ որևէ կերպ չի միջամտել, իր խոսքով՝ «հզոր գերտերություն» ԱՄՆ-ի ներքին գործերին:
«Այն մասշտաբին, որին բախվեց մեր առողջապահական համակարգը, պարզվեց, որ պատրաստ չէ աշխարհի որևէ երկիր: Իհարկե, մեր համակարգն ավելի արդյունավետ էր: Պետական ապարատը ցույց տվեց, որ պատրաստ է արագ մոբիլիզացնել ռեսուրսները, և արեց դա: Ռուսաստանը թեստավորման քանակով առաջին եռյակում է աշխարհում: ՌԴ-ն աշխարհի առաջին երկիրն է, որ սկսել է պատվաստանյութ արտադրել: Այն լավն է, անվտանգ է, 95, 96-97 տոկոսով պաշտպանում է, կողմնակի ազդեցությունների որևէ կոնկրետ դեպք չկա: Առայժմ ես չեմ պատվաստվել, բայց անպայման դա կանեմ, երբ հնարավոր լինի»,- նշել է ՌԴ նախագահը: