Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների ընթացքում մամուլում չէին դադարում հրապարակումներն Ադրբեջանի օդանավակայաններ բեռնատար ինքնաթիռների վայրէջքների վերաբերյալ։ Այդ ինքնաթիռներով Ադրբեջան մեծ մասամբ հասնում էին ռազմական նշանակության ապրանքներ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ամփոփել է դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռների թռիչքների մասին ունեցած տեղեկությունը, որը ներառում է նաև սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածը։ Թռիչքների մասին տեղեկությունը հաստատվում է նաև Flyradar 24 պորտալի տվյալներով։ «Լուրերը» ներկայացնում է դրանք:
Ըստ ՔԱԿ-ի տվյալների՝ այս տարվա հունվարից մինչ հոկտեմբերի 18-ը դեպի Ադրբեջանի 4 խոշոր օդանավակայաններ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան, Գյանջայի, Նախիջևանի ու Գաբալայի օդանավակայաններ, միասին վերցրած, իրականացվել է 4626 թռիչք։ Դա 1220-ով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի Ադրբեջան հատկապես պարբերական են դարձել դարձյալ այս տարվա փետրվարից: Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա համեմատ բեռնատար թռիչքներն աճել են մոտ 60 տոկոսով։ Պատերազմի օրերին բեռնատար թռիչքները դեպի Բաքու իրականացվում էին մեծ մասամբ Թուրքիայից, Իսրայելից ու Ուկրաինայից։
Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից է, իսրայելական արտադրության պաշտպանողական ու հարձակողական անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են Արցախի դեմ պատերազմում։ Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իսրայելից ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերվել։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ դեպի Ադրբեջանի չորս օդանավակայաններ Իսրայելից թռիչքներն ավելացել են 45 տոկոսով՝ 75-ից հասնելով 103-ի։ Օգոստոսին ու սեպտեմբերին Իսրայելից դեպի այս օդանավակայաններ կատարվել է 32 թռիչք, իսկ հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ 5 թռիչք։ Ապրիլ և հուլիս ամիսներին Իսրայելից բեռնատար ինքնաթիռներով թռիչքների թիվը դեպի Ադրբեջան ևս էականորեն ավելացել է։ Համաձայն Flydarad 24-ի՝ պատերազմի ընթացքում Իսրայելի Էյլաթ օդանավակայանից 7 թռիչք է իրականացվել՝ ադրբեջանական Silk Way West Airlines ընկերության միջոցով, որը հայտնի է որպես Ալիևների ընտանիքի հարստության մաս կազմող ավիաընկերություն։
Ուկրաինայից թռիչքները դեպի Ադրբեջան տարվա ընթացքում նվազել են՝ առաջին եռամսյակի մեծ ակտիվությունից հետո։ Հունվարին Ուկրաինայից դեպի Ադրբեջան կատարվել է 41 թռիչք՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 25-ով ավելի, փետրվարին իրականացվել է 87 թռիչք՝ նախորդ տարվա համեմատ 64-ով ավելի, իսկ մարտին իրականացվել է 59 թռիչք՝ նախորդ տարվա մարտի համեմատ 31-ով ավելի։ Ապրիլից սկսած՝ օդային ճանապարհով դեպի Ադրբեջան բեռներ տեղափոխվել են, սակայն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ՝ ավելի նվազ։ Պատերազմի օրերին ուկրաինական ZN պարբերականը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագիրը։
Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական աջակիցն էր։ Ադրբեջանին ռազմատեխնիկական և անձնակազմի ամենախոշոր մատակարար Թուրքիայի ներգրավումն Արցախի դեմ պատերազմում փաստվում է նաև չվերթերի մասին տվյալներում։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանի հարվածային ուժի բաղկացուցիչ մասն էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների՝ մարտական առաջադրանքներ էին կատարում նաև Ադրբեջանին Թուրքիայի տրամադրած F-16 կործանիչները։
Ավիացիոն այս տվյալների համաձայն՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնատար չվերթերի թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է։ Այս տարվա ապրիլ-հուլիս ժամանակահատվածում կայացել է 238 թռիչք։ Պատերազմի ընթացքում՝սեպտեմբերից մինչ հոկտեմբեր 18-ը, Թուրքիայից դեպի Բաքու, Գյանջա, Գաբալա ու Նախիջևան իրականացվել են 122 թռիչքներ։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ծավալով էր ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին Թուրքիան, բավական է նշել, որ եթե 2019-ի հոկտեմբերին դեպի Ադրբեջան իրականացվել էր 28 չվերթ, ապա մինչ այս տարվա հոկտեմբերի 18-ը Ադրբեջան էր ժամանել 74 բեռնատար ինքնաթիռ։ Պատերազմի մեկնարկից հետո ինտենսիվ թռիչքներ դեպի Ադրբեջան իրականացվել են Անկարայի, Մուղլայի, Թեքիրդաղի օդանավակայաններից ու Կայսերիի ռազմական օդանավակայանից` դարձյալ Silk Way West Airlines ընկերությանը պատկանող IL-76 և Boeing 747 ինքնաթիռների միջոցով (տվյալները՝ Flyradar 24-ի)։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 18-ը Թուրքիայից դեպի Ադրբեջան կայացել է 507 բեռնատար չվերթ։