ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի գործոնին, ինչպես նաև՝ Հադրութում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին: Կրեմլի ղեկավարը նշել է, թե իր կարծիքով այս գործընթացում ինչն է ամենակարևորը:
«Եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունների դադարեցումը շատ կարևոր է, քանի որ արյունահեղությունը դադարեցվել է, մարդիկ այլևս չեն մահանում: Մնացածը՝ երկրորդական է: Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելն ամենագլխավոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»:
ՌԴ նախագահը անդրադարձել է նաև Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը: Նա մասնավորապես նշել է.
«Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»:
Վլադիմիր Պուտինը պատասխանել է նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի համալրմանը վերաբերող հարցին:
«Ինչ վերաբերում է մեր զորախմբի համալրմանը, ապա դա հնարավոր է, սակայն բոլոր կողմերի հետ պայմանավորվածության համաձայն: Մենք նախապես համաձայնեցրել ենք մեր զորախմբի թիվը, և եթե կողմերը համաձայնության գան, որ դա պետք է, ապա դա կարվի, եթե ոչ՝ ապա չենք իրականացնի: Հարցը միայն խաղաղապահները չեն, այլև՝ ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցների և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատանքն է»:
«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է: Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն: Այս կապակցությամբ առաջանում են տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ: Իսկ ենթակառուցվածքային դժվարություններն առաջացել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս խնդիրը պետք է հանգիստ վիճակում լուծվի բանակցային գործընթացի միջոցով, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները դրա համար, քանի որ փաստաթղթում ասվում է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորում՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի հնարավորությամբ, այդ թվում՝ դա կապված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը: Դա վերաբերում է Նախիջևանին, Հայաստանի հարավի ու հյուսիսի հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը: