Տեղի է ունեցել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Պերեպյոլկինի ճեպազրույցը՝ տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
ՌԴ խաղաղապահ զորակազմը, հանձնարարված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության կատարումը:
Այս պահին մենք գտնվում ենք Ստեփանակերտի ռուսական ռազմական դաշտային հոսպիտալում, որտեղ որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում ոչ միայն մեր զինվորականներին, այլև տեղի բնակչությանը: Մինչ այժմ այս հիվանդանոցում ռուս մասնագետներն օգնություն են ցուցաբերել 29 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի:
Մարտակերտում ավարտվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը, որը սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և հարակից բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին օգնություն են ցուցաբերում ռազմական բժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, օգնություն արդեն ստացել է 558 մարդ, այդ թվում՝ 67 երեխա:
Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, որի իրականացման համար վերանորոգվել են 18 կմ էլեկտրահաղորդալարեր և 50 հենասյուներ: Վերականգնվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 24 բնակավայրերում, որոնց ընդհանուր բնակչության թիվը կազմում է ավելի քան 12 հազար մարդ:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ: 405 շենքերում ստուգվել է չպայթած զինամթերքի առկայությունը: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ միասին հայկական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում է մահացածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումները: Այս աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացվել է ՝ 3-ից հասնելով 5-ի:
Զինվորականների ու քաղաքացիական անձանց անհետ կորելու մասին տեղեկությունների համար թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսազանգ: