ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածում նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի կարգավորման հարցերը, հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկխոսության և դաշտի խնդիրներն ու կարիքները համակարգված ներկայացնելու համար:
«Ունենք գործող լիցենզավորման կարգ, և առաջիկայում՝ օրենքի փոփոխությունից հետո, մեր առջև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ընդլայնելու խնդիր կա: Դա ոչ միայն նախադպրոցական կրթական ծրագիրն է, այլև ծառայությունները: Միասին պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինեն լիցենզավորման չափորոշիչները: Մեր հանդիպման նպատակն է, որ դուք մեզ ներկայացնեք այն առանձնահատկությունները, որոնք այս խնդրին են վերաբերում: Արդյունքները պետք են լինեն լիցենզավորման կարգի հիմնավոր փոփոխությունը, դաշտի կարգավորումը՝ առանց սահմանափակելու որակյալ ծառայությունների տրամադրումը: Միաժամանակ պետք է պետական հոգածություն և վերահսկողություն ունենանք երեխաներին ուղղված ծառայությունների նկատմամբ՝ բացառելով կասկածելի որակի և բովանդակության ծառայությունների տրամադրումը»,- ասել է նախարարի տեղակալը:
Ասոցիացիայի ներկայացուցիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրների մասին, այդ թվում՝ ընթացակարգերի պարզեցման, չափանիշների վերանայման, մանկավարժական կադրերի ընտրության ու վերապատրաստման, առողջապահական նորմերի և այլնի մասին:
Ժ. Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական կրթության չափորոշիչները ներկայումս ամբողջությամբ լրամշակվում են՝ մանկավարժական բուհերի, մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների, հոգեբանների և այլ մասնագետների ներգրավմամբ։ Չափորոշիչը բխելու է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից՝ ապահովելով հարթ անցում տարրական դպրոց։
«Խնդիրն այն է, որ ինչ ծրագիր էլ իրականացնեք, դուք պետք է ապահովեք այդ կարողունակությունները. դրանց հասնելու ճանապարհին ձեզ տրվում է մանկավարժական ազատության հնարավորությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել, քննարկել ներկայացվող նախագիծը և հավելյալ դիտարկումների դեպքում դրանք փոխանցել ԿԳՄՍ նախարարություն, ինչի արդյունքում առաջարկները հնարավորինս հաշվի կառնվեն: