Անդրանիկը, Գոռը, Սմբատը, Վանիկը, Մեսրոպն ու մյուս Գոռը Սյունիքի Տեղ համայնքից են, ավելին՝ մանկության ընկերներ են։ Տղաները միասին էլ մեկնել են ծառայության։ Պատերազմի օրերին, չնայած բոլորն առաջնագծում են եղել, սակայն միմյանց չի հաջողվել հանդիպել։
Զինադադարից հետո արձակուրդի շնորհիվ նորից միասին են։ Ընկերները միմյանց պատմելու շատ բան ունեն, բայց գերադասում են լռել։ Ջերմ գրկախառնություններ, ձեռքսեղմումներ, իսկ աչքերում՝ կորցրած ընկերների կարոտ։
Տղաներով հավաքվել են Անդրանիկ և Գոռ Դանիելյանների տանը, որտեղ միասին բաժակ են բարձրացնում, խմում հայրենիքի կենացը, հիշում զոհված տղաներին, իսկ սրտի խորքում փափագում կորած ընկերների վերադարձը։ Նրանք իրենց հերոսությունների մասին համեստորեն լռում ու ժպտում են, սակայն հրամանատարների մասին միշտ հարգանքով են խոսում։
Վանիկը վիրավորվել է մարտի դաշտում, հիմա տանն է, այդ օրվա մասին առանց լրացուցիչ հույզերի է պատմում։
Երկու զինվորի մայրը ժպիտով է դիմավորում հերոսներին, սակայն առանց արցունքի չի կարողանում հիշել սպասումներով լեցուն 44 օրը։ Ամեն վարկյան անհանգիստ է եղել, գիշեր-ցերեկ հետևել լրատվությանը։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, որը երկրապահ կամավորականների, համայնքի բնակիչների հետ մասնակցել է պաշտպանությանը և 44 օր տանը չի եղել, իրենց արածը որպես պարտք է համարում։ Շադունցի համար իսկական հերոսները ժամկետային ծառայողներն են։
Ընկերական վեցյակի հաջորդ քայլը միասին եկեղեցի գնալն է, որտեղ հայրենիքի, անհետ կորած ընկերների համար աղոթք է բարձրացվում։ Դուրս են գալիս հավատով, շուրթերին՝ խոստում՝ մի օր մեր հողերը հետ ենք բերելու։