Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ հրաժարվում են խորհրդարանական ընտրություններից հետո ստացած իրենց մանդատներից: Այդ մասին լրագրողներին ասել է կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին՝ տեղեկացնում է ТАСС-ը:
«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, որոնք «Ազգային շարժման» հետ դաշինքով մասնակցում էին ընտրություններին, նույնպես մանդատներից հրաժարվելու հայտարարությամբ դիմել են խորհրդարան: Չորեքշաբթի նախատեսվում է, որ նման հայտարարությամբ հանդես կգա նաև «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի մաս է կազմում: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքում դաշինքը ստացել էր 36 մանդատ՝ ձայների 27,18%-ը: Խորհրդարան անցած ընդդիմությունը ստացել է 60 մանդատ, չի ճանաչում քվեարկության արդյունքները, ընտրությունները համարում է կեղծված և շարունակում է հրաժարվել խորհրդարան մտնելուց: