Արդյո՞ք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Հադրութի արմտյան հատվածում, ռուս խաղաղապահների ներկայության պարագայում, նպատակ չունի վարկաբեկել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը՝ կասկածի տակ դնելով նրա կարգավիճակն ու այդ թվում՝ եռակողմ հայտարարությունը, «Լուրերի» հարցին ամենշաբաթյա ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանում է.
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Ռուսաստանն անում է հնարավորը՝ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հաստատման համար: Մենք ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերն էլ այդ նույն նպատակով ուղղորդվեն:
Զախարովան նշել է, որ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է:
Մարիա Զախարովա - Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Դրան նախորդել է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ կատարված մեծ նախապատրաստական աշխատանքը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել և ադրբեջանական իրավասու մարմիններին հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմը վերադարձրել է 44 հայ գերի։ Ռուս խաղաղապահները հետագայում էլ կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջան այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ռուս համանախագահի բացակայությանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ դրա մեջ պետք չէ որոնել քաղաքական ենթատեքստ, դա պարզապես լոգիստիկ հարց էր: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի հայտարարություններին, թե ռուս խաղաղապահներն իրավունք չունեն պաշտպանել այն գյուղերը, որտեղ փորձել են ներխուժել թուրք-ադրբեջանական կազմավորումները, Զախարովան նշել է.
Մարիա Զախարովա - Ինձ զարմացրեց, թե ինչպես Դուք մեջբերեցիք, «իրավունք չունի պաշտպանելու» արտահայտությունը: Մենք արդեն այլ հայտարարությունների կոնտեքստում նշել ենք, որ հակամարտության կողմերից որևէ ներկայացուցչի հայտարարություն պետք է ուղղված լինի միայն հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղությանն ու լիարժեք կարգավորմանը: Յուրաքանչյուր հայտարարություն պետք է կշռադատել, թե այն ինչ վնաս կամ օգուտ կարող է բերել:
Միջազգային կառույցները չեն կարող գործել հակամարտության կողմերի հետ անմիջական երկխոսությունից կտրված՝ անդրադառնալով այս փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն և Ղարաբաղի հարցով այլ կառույցների գործունեությանը,- ասաց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա - ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԿԽՄԿ-ն, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի լիարժեք կարգավորման գործում, այս փուլում զբաղվում են հետագա քայլերի հստակեցմամբ: Ամեն ինչ անցնում է շատ բարդ փուլով: Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ բոլոր գործընթացները համաձայնեցվեն։ Եվ հիմա բոլորը հենց դրանով են զբաղվում:
Հումանիտար հարցեր, փախստականներ, մշակութային օբյեկտներ, անվտանգություն, ականազերծում... Կարգավորման գործընթաց է մշակվում բոլոր այն խնդիրների համար, որոնց բախվել է տարածաշրջանը: