Երկաթուղային ճանապարհով շուրջ 1,2 հազար տոննա ընդհանուր քաշով 54 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկվել Արցախ: Բեռը սպասվում է առաջիկա օրերին՝ РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել Ռուսաստանի ութ քաղաքներից: Առաջիկա օրերին սպասվում է բեռի ժամանումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Արցախում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, տեղական իշխանությունների հետ համատեղ, 43 բնակավայրում հայտնաբերել է ավելի քան 2.6 հազար ավերված օբյեկտ, որոնցից 220-ը սոցիալական նշանակության են:
«Վնասված շենքերի և շինությունների գնահատումը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնարավորություն տվեց արագ ձևակերպել կարիքները և ուղարկել երեք մարդասիրական շարասյուն՝ շինանյութերով և առաջին անհրաժեշտության իրերով: Ընդհանուր առմամբ՝ մոտ 352 տոննա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դրա շնորհիվ արդեն հնարավոր է եղել վերականգնել 28 սոցիալական հաստատություն ու բնակելի տարածք, իսկ աշխատանքը շարունակվում է 147 օբյեկտում:
«Մարզի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար աշխատում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկայի մասնագետները: Ստեփանակերտում և նրա շրջակայքում ականազերծումն իրականացվել է ավելի քան 30 հա տարածքում, որտեղ հայտնաբերվել է ավելի քան 2 հազար պայթուցիկ առարկա»,- ամփոփում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: