Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներ, ովքեր տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, դեռ գիշերվանից Շիրակի մարզպետարանում են եղել, սպասել, մինչև Արցախից կվերադառնա մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ որպեսզի պատմի եղելությունը։
Ըստ շիրակցիների՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել և ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, ովքեր գերեվարվել են ադրբեջանական ԶՈՒ կողմից:
Հիմնականում ՄՈԲ ռեսուրսի շարքերը համալրած տղաներն են՝ Շիրակի մարզի Ազատան, Աշոցք, Քեթի, Լուսաղբյուր համայնքներից։ Պատմում են, որ հեռախոսային կապը հարազատների հետ երկու օր առաջ է կտրվել։ Նրանք հերթապահելիս են եղել Արցախի Լիսագոր, Խծաբերդ, Հին Շեն բնակավայրերում։
Մարզպետի հետ հանդիպմանը կոնկրետ հարցադրումներով հանդես եկան, ինչպես է լինում, որ պատերազմի ավարտից հետո հարյուրավոր նոր գերիներ ենք ունենում, ո՞ւր էին խաղաղապահները։ Ցուցարարները նաև կոնկրետ ժամկետներում կոնկրետ պատասխան են պահանջում՝ ե՞րբ իրենց հարազատները կվերադառնան։
Շիրակի մարզպետի պատասխանը չգոհացրեց շիրակցի ցուցարարներին, նրանց մի մասը որոշեց փակել Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի և Լանջիկի հատվածները։ Աշոցքի և Քեթիի բնակիչներն էլ Գյումրի-Բավրան փակեցին։
Մեր պայքարը քաղաքական չէ՝ հայտարարեցին ազատանցիները և խոստացան իրենց միջից վտարել քաղաքական կոչեր անողներին՝ որ կողմին էլ որ հարեն։ Մենք մեր զավակներին ենք պահանջում՝ հայտարարեցին նրանք։ Ավտոճանապարհը փակ է բոլորի համար։
Ազատանցի մի խումբ երիտասարդներ էլ մանրամասներ էին պատմում Խծաբերդում տեղի ունեցածից։ Նրանց խոսքով՝ 34 հոգու հաջողվել է հրամանատարի գործադրած ջանքերի գնով խուսափել գերությունից, իսկ վաթսուն և ավելի ընկերներ մնացել են շրջափակման մեջ։
Բողոքի ցույց Շիրակում իրականացրել են նաև Իսահակյան և Քեթի գյուղերում։
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Նախարարությունը նշում է, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։