ՀՔԾ-ն հերքել է տեղեկությունները, թե ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը վարույթն իրականացնող մարմնին տրամադրել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները:
«Հրապարակված վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Մ. Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից»,- հայտնում է ՀՔԾ-ն: