Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը, գուցե նա՞ ասի՝ ով պետք է լինի Հայաստանի վարչապետը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմության հնչեցրած այն դիտարկմանը, թե «պարտված» վարչապետը չի կարող բանակցել Ադրբեջանի նախագահի հետ:
«Իսկ գուցե ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի՞ հետ, նա նաև նրա՞նց միասնական թեկնածուն է: Նրանք փաստորեն ասում են, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը կարևոր է վարչապետի թեկնածուի հարցում»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ասելիքը գրեթե նույնն է, «փոխանցումներով են աշխատում իրար հետ», և այդ պրոցեսի մեջ, ըստ վարչապետի, ուղիղ սպառնալիք կա մեր պետականությանը: