ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ:
Դեսպան Յոն Ֆանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Դեսպանը և նախարարը փոխադարձ շնորհավորել են միմյանց իրենց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։
Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության հեռանկարներին՝ ՉԺՀ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանք զարգացնելու մեծ ներուժ։
Կողմերը գոհունակությամբ նշել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկան։
Էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխշահավետ գործակցության ուղղությամբ նորացված օրակարգի ձևավորումը և դրա իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծումը։
Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին՝ մասնավորապես նշելով ջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաև առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝ արտադրանքը ԵԱՏՄ և Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2021 թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։ Այդ կապակցությամբ չինական կողմին կտրամադրվի նշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարևորելով երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի գործարկման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերն առաջարկել են կոնկրետ քայլեր ձեռնարկել նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաև պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի շուրջ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։