Եվրախորհրդարանի տարվա վերջին լիագումարի նիստի այսօրվա քննարկումների օրակարգում էին Արևելյան գործընկերության երկրներում իրավիճակն ու զարգացումները։ Նիստին մասնակցում էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ Եվրապատգամավորներ գնահատեցին ԵՄ-ԱլԳ հարաբերությունները, ներկայացրին առաջարկներ, հայտնեցին մտահոգություններ ու հնչեցրին քննադատություններ։
Արցախում վերսկսված պատերազմը, հետպատերազմյան վիճակն ու հայ ռազմագերիների հարցը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվեց։ Պատգամավոր Պիցուլան ուշադրություն հրավիրեց, իր խոսքով՝ ծայրաստիճան կարևոր երկու երևույթների վրա` հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների ոտնահարում, ինչպես նաև հակամարտությունների կարգավորում։ Եվրապատգամավորը կարևորեց Արևելյան գործընկերությունը՝ որպես երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման և երկրների միջև դրական դոմինոյի էֆեկտներ ստեղծելու շրջանակ։
Տորինո Պիցուլա (Եվրապատգամավոր, Խորվաթիա) - Ես համոզված եմ, որ մեզ ավելի վճռական մոտեցում է պետք այս գործընկերության հետ կապված ընդհանուր սկզբունքների խախտումների նկատմամբ: Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, ապա մենք պետք է ավելի ակտիվ դեր խաղանք հետկոնֆլիկտային իրավիճակում: ԵՄ-ն չպետք է բացառվի իր հարևանության հակամարտությունների լուծումից, ԵՄ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի:
Եվրախորհրդարանականներից շատերը նշեցին, որ ԵՄ-ն շատ սահմանափակ դեր խաղաց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և կոչ արեցին ստվերում չմնալ։
Տիերի Մարիանի (Եվրապատգամավոր, Ֆրանսիա) - Եթե ես սնահավատ լինեի, կհավատայի, որ Արևելյան գործընկերությունը վատ բախտ է բերում: Տասը տարի առաջ հիմնադրված Արևելյան գործընկերությունը մեկ հիասթափությունից հանգեցնում է մեկ այլ հիասթափության: Անգամ չի բերել խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության հարցում: Երբ դուք բավարարված եք պատժամիջոցներ կիրառող արտաքին քաղաքականությամբ, ես ուզում եմ ձեզ, բարձր ներկայացուցիչ, հարցնել, թե ի՞նչ արդյունք են տալիս այդ պատժամիջոցները: 2014 թվականից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվում, այսօր՝ Բելառուսի հանդեպ: Ինչ-որ մեկ իսկապես կարծո՞ւմ է, որ սա կփոխի՞ իրավիճակն այդ երկրներում: Պատասխանը միանշանա ոչ է, մենք երբեք չենք տեսել, որ պատժամիջոցները երկրների մեջքը կոտրեն: Արևելյան գործընկերությունը ֆինանսական օգնություն բաժանելու միջոց է, բայց արդյունք չի տվել»:
Ֆինանսական օժանդակության որևէ դրական արդյունք չտեսնող շատ պատգամավորներ կոչ արեցին դադարեցնել անիմաստ նյութական օգնությունը, որը խնդիր լուծելու փոխարեն, հներին նոր խնդիրներ է ավելացնում, հատկապես կոռուպցիայի տեսակետից։ Ոմանք էլ պահանջում են դադարեցնել օժանդակությունը, քանի որ ԱլԳ անդամ երկրներից շատերում պարզապես եվրոպական արժեքները ոտնահարվում են։
Շառլի Վեյմերս (Եվրապատգամավոր, Շվեդիա) - Գլխատված հայեր՝ Գեորգի Պետրոսյան, Յուրի Ասյան։ Հայ քաղաքացիական անձինք խոշտանգումների ենթարկվեցին, բանտարկյալները կոտորվեցին, կտոր-կտոր եղան: Թուրքական և ադրբեջանական զորքերը հաղթական քայլերթ էին անում: Նախագահ Էրդողանը շնորհավորում էր նրանց՝ արդեն ցեղասպանություն ապրած ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար: Բռնապետ Ալիևը հայտարարեց, որ ամբողջ Ղարաբաղը և այլ ՀՀ տարածքներ Ադրբեջանի տարածք է: Եվ մենք նրանց ուղարկում ենք եվրոպական փող: Մենք պետք է դադարեցնենք այս ամենը: Մեզ պատժամիջոցներ են պետք նրանց հարձակումների և մեր բոլոր արժեքների ոտնահարման համար»:
Եվրախորհրդարանականները խոսեցին նաև Արևելյան գործընկերության, մասնավորապես այն երկրների նկատմամբ համահունչ մոտեցման անհրաժեշտության մասին, որոնք չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
Ռոբերտ Հայսել (Եվրապատգամավոր, Սլովակիա) - Մենք գիտենք, որ իրավիճակը վատ է Լեռնային Ղարաբաղում: Խաղաղության գործարքը դեռ պետք է բանակցվի: Ի՞նչ մտածել հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Մենք պետք է պահանջենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Պետք է ավելի ակտիվորեն նպաստենք հակամարտությունների լուծմանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար:
Եվրապատգամավորներից ոմանք հիշեցրին, որ ԵՄ-ն 2009-ին հույս ուներ, որ Արևելյան գործընկերությունը, որը ներառում է Ադրբեջանի և Բելառուսի նման երկրներ, թույլ կտա հաստատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի ընդհանուր արժեքներ: Բայց տասը տարի անց գործընկերության հաջողությունների մասին խոսելու համար բավարար հիմքեր չկան։
Ջորդան Բարդելա (Եվրապատգամավոր, Ֆրանսիա) - Այսօր Ադրբեջանը և նրա նախագահը բռնի կերպով գրավում են տարածք, որը հայկական է: Յուրաքանչյուր անցնող օր բերում է ջարդերի, ադրբեջանական զորքերի և աշխարհազորայինների կողմից կատարված թալանի իր բաժինը: Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ որպես ռազմատենչ նվաճող, անամոթաբար պնդեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի պայքարը չի ավարտվել: Ժամանակն է կասեցնել մեր արտաքին քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի բոլոր արտոնությունները` սկսած վիզաների տրամադրումը հեշտացնելու համաձայնագրից: Եվրոպան մտահոգված է իր գազային շահերով, այդ պատճառով էլ նա հրաժարվում է բարձրաձայնել: Ուստի թող այն համարձակորեն պաշտպանի իր անդամներին Միջերկրական ծովի արևելքում՝ Թուրքիայի կողմից բազմաթիվ հարձակումներից։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նիստի ավարտին, ի պատասխան հնչած բոլոր քննադատություններին և առաջարկություններին, ասաց, որ առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հետ հանդիպումներ ունի ԵՄ-ի հետ գործընկերության խորհրդի հերթական նիստի շրջանակում, և բոլոր հնչեցված կարծիքները դրանց հիմքում ընկած մտահոգությունները քննարկվելու են։ Այդուամենայնիվ, Բորելն իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ լինի դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե այլ ԱլԳ անդամ այլ երկրների խնդիրների հարցում ԵՄ-ն անում է ինչ կարող է, իր հնարավորությունների սահմաններում։
Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ) - Ես չեմ ասում, որ իրավիճակը դրական է: Կա պատերազմ, կոռուպցիա, բռնապետություն: Բայց իրավիճակն առանց Արևելյան գործընկերության շատ ավելի վատը կլիներ: ԵՄ-ն չի պատրաստվում զորքեր մտցնել օրինակ ԼՂ: Մենք չենք պատրաստվում գործել Թուրքիայի նման: Մենք կարող ենք անել այն, ինչ կարող ենք և անում ենք: Մենք աշխատում ենք քաղաքացիական բնակչության, դիվանագիտության, համագործակցության, աջակցության ոլորտում: Օգտագործում ենք նաև տնտեսական և առևտրային գործիքներ: Շատ միջոցներ ենք ներդնում Արևելյան գործընկերության շրջանակշում: Կշարունակենք պաշտպանել մարդու իրավունքները:
Եվրախորհրդարանականներից շատերը համոզված են՝ այն, ինչը պակասում է, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հավակնությունն է, քաղաքական վճռականությունն ու նվիրվածությունը Արևելյան գործընկերությունում: