Պատերազմի առաջին օրերից Գյումրու առաջին գիշերօթիկը դարձավ Արցախից այստեղ ժամանող ընտանիքների ժամանակավոր կեցավայրը։ Ռուզաննա Սահակյանը ամուսնու, 18-ամյա դստեր և 16-ամյա որդու հետ նոյեմբերի 9-ից Գյումրիում է։ Ասում է՝ ընտանիքի մի մասն է միայն այստեղ։ Հինգ զավակ ունի, նաև թոռներ։
Մեծ ընտանիքը մտավ ապաստարան, տղամարդիկ գնացին ճակատ, հետո ավագ որդին կազմակերպեց, և բոլորը միասին դուրս եկան Մարտակերտից ու գնացին տարբեր ուղղություններով։ Չորսով հիմա Գյումրիում են։ Ամբողջ կյանքում քրտինքով վաստակած Ռուզաննան ասում է՝ հիմա ընտանիքը ապրում է պետական ու հասարակական խնամքի միջոցներով։
Ռուզաննա Սահակյան - Ամեն ինչով՝ սնունդ, տեղաշոր, կոշիկներ, հագուստ, ապահովում են, գումարային տեսակետից, գումար ենք ստացել։
Ընտանիքը նաև առողջապահական ու հոգեբանական աջակցություն է ստացել։ 16-ամյա որդուն գրանցել են պոլիկլինիկայում, շաքարի դեղերը մի օր չի ուշացել՝ ասում է Ռուզաննան ու ոգևորված պատմում՝ տղան պատրաստվում է դպրոց հաճախել Գյումրիում, հիմա շոր ու կոշիկի փնտրտուքների մեջ են։
Առուշանն էլ է ոգևորվել, Գյումրիում դպրոց կհաճախի, գուցե հասցնի բաց թողածը լրացնել, կարոտում է Մարտակերտի դպրոցը և հատկապես քիմիայի ու կենսաբանության դասերը։
Մարտակերտում Թումո էր հաճախում, այսօր նման հնարավորություն չունի՝ լրացնելու ծրագրավորման բաց թողած դասերը, կսպասի, մինչև ընտանիքը վերադառնա։
Իսկ Վարսենիկը վերադարձից անմիջապես հետո վարսահարդար կաշխատի։ Մարտակերտում սկսած դասերն ավարտում է Գյումրիում։ Սերտիֆիկատն արդեն ստացել է։
Ձեռք բերած նոր գիտելիքները կիրառում է ամեն օր։ Գիշերօթիկում ապրող կանանց է գեղեցկացնում։ Ոչինչ, որ անհրաժեշտ պիտույքներ չունի, դրանք բոլորը Մարտակերտի տանն են մնացել։ Կարևորը՝ տունն անվնաս է մնացել։
Տնից լավ տեղ չկա, ասում է ընտանիքի հայրը, շեշտում՝ ամեն դեպքում, վերանորոգման կարիք կա։
Վարուժանն ասում է՝ գիշերօթիկում ամեն ինչ լավ է, ապրում են մեկ ընտանիքի պես, միմյանց սեր ու ուժ տալով և բոլորին նույն ցանկությունն է միավորում՝ վերադարձ իրե՛նց տուն։