Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում պատերազմի հետևանքների, առկա մարտահրավերների և տարբեր ոլորտներում իշխանությունների անելիքների վերաբերյալ:
Ավելի ուշ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է կատարել ուղերձի՝ իր հետագա գործունեությանը վերաբերող հատվածում:
«Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- ավելացված է ուղերձի փոփոխված տարբերակում:
Ուղերձի նախնական տարբերակում այս պարբերությունը բացակայում էր:
«Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները:
Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ»,- գրված էր ուղերձի նախնական տարբերակում: