Առավոտյան Պաշտպանության նախարարության շենքի տարածքում բողոքի ակցիա էր: Գերատեսչության մոտ էին եկել անհետ կորածների ու գերիների ծնողները:
Անհետ կորածների ու գերիների հարազատները պաշտպանության նախարարությունից սկզբում խնդրեցին հանդիպում կազմակերպել գլխավոր շտաբի պետի հետ՝ որդիներից ոչ մի տեղեկություն չունեն: Անվտանգության աշխատակիցները ծնողներից հինգ րոպե խնդրեցին՝ պատասխանատուներին տեղեկացնելու համար; Սպասեցին մեկ ժամ, արձագանք չեղավ:
Ծնողների մի մասն իրենց որդիներից մոտ երկու ամիս տեղեկություն չունի, մյուսները՝ երեկվա տարածված տեսանյութերում են ճանաչել հարազատներին: Հավաքված ծնողները հարվածելով բացեցին ՊՆ անցակետի դարպասները: Մինչև այդ, ակցիայի մասնակիցների մի մասը հասցրել էր ներս մտնել: Ավելի ուշ ներս մտած ծնողները տեղեկացրին, որ 10-ը ծնող շենքի ներսում է, խոստացել են հանդիպել նրանց հետ:
Մի քանի ժամ տևած հանդիպումն արդեն ավարտվել է: Պաշտպանության նախարարությունը խոստացավ ավելի ուշ հաղորդագրությամբ տեղեկացնել, թե ինչ է քննարկվել:
Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է, որ անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և հնարավորին թափանցիկ կապ պահպանել՝ խուսափելու համար ապատեղեկատվությունից ու ավելորդ լարվածությունից:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացրել է, որ հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող նոր տվյալներն արձանագրվել են: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիները պնդում են, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին:
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Բոլոր տվյալները փոխանցվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատասխանատուին ու նրան ներկայացվել է այս պահին մեզ մոտ առկա մանրամասները: Մարդու իրավունքների պաշտպանի, իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ:
Արման Թաթոյանը պատկան մարմիններին կոչ է անում գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալները հնարավորին արագ փոխանցել անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին: Հակառակ պարագայում՝ ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը: