Թեև փողոցային առևտուրը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում չէ, սակայն այն ևս կհայտնվի այս մարմնի տեսուչների խոշորացույցի տակ:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Կգույքագրենք և ինֆորմացիան կտանք տեղական ինքնակառավարման մարմիններին և ոստիկանությանը, որոնց գործառույթների մեջ է մտնում՝ թույլ չտալ փողոցային առևտուրը:
Հատկապես Ամանորին ընդառաջ ակտիվանում է դրսում մսի առևտուրը՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարը, ինչի դեմ պայքարի լավագույն տարբերակը փողոցից միս չգնելն է:
Գեորգի Ավետիսյան - Փողոցում վաճառվող մթերքը կա՛մ սատկած անասուն է, կա՛մ հիվանդ, կա՛մ հոգեվարքում մորթված:
Գնեք միայն սպանդանոցային ծագման միս, հորդորում է ՍԱՏՄ ղեկավարը, թեև որոշ հնարամիտ մսավաճառներ արդեն փորձել են նույնիսկ խանութներում կեղծել լաբորատոր ստուգման մասին վկայող հինգերորդ ձևաթուղթը, կամ ուղղակի միս են վաճառել առանց համապատասխան փաստաթղթի:
Գեորգի Ավետիսյան - Տուգանելու որոշումներ եղել են: Տուգանվել են հիմնականում 100 հազար դրամի չափով:
100 հազարը նվազագույն շեմն է, կախված վաճառքի ծավալից՝ ավելանում է նաև տուգանքի չափը: Որպեսզի երկիր ժամկետանց կամ անորակ ապրանք չմտնի, բացի առևտրի կենտրոնների նկատմամբ խիստ լինելուց, կուժեղացվի նաև սահմանային հսկողությունը:
Ներկրման և արտահանման գործընթացը չխոչընդոտելու համար անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին:
Խախտումներ հայտնաբերելու դեպքում նաև բնակիչներին հորդորում են ահազանգել 010 206 040 և 012 906 090 թեժ գծին: