Արցախի տարածքը պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները շարունակվում են: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
ՌԴ ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները ականազերծման և տարածքը պայթուցիկներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:
Անցած օրվա ընթացքում պայթուցիկ օբյեկտներից մաքրվել է ևս 9,5 կիլոմետր ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 175 հա տարածք, ավելի քան 49 կիլոմետր ճանապարհ, 400-ից ավելի բնակելի շենք և սոցիալական օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է շուրջ 5000 պայթուցիկ սարք:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ կիրառելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները: