Գեղարքունիքի մարզում ընթանում է զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով՝ առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված և փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։
Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները համայնքապետարանների միջոցով հավաքագրում են զոհված և հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները և օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համապատասխան վճարման համար:
Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են նաև սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկանքները։
«Սահմանված կարգի համաձայն՝ զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։ Ընդ որում՝ սահմանված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձևով տրամադրվում է տասը միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները: Պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման տրամադրման աշխատանքներն ընթանում են մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներում։ Պետական աջակցություն տրամադրվում է նաև վիրավոր զինծառայողներին, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններին»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սևակ Դվոյանը։