ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կատարած եռօրյա աշխատանքային այցս գերհագեցած էր նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներով ամենատարբեր ոլորտներում աշխատող անձանց հետ։
Քննարկումներ ենք ունեցել Արցախում ստեղծված իրավիճակի լուծման բոլոր հնարավոր ուղիները մշակելու նպատակով, այդ թվում` կամավորների ներգրավման, բարեգործական ծրագրեր նախագծելու, վերականգնողական ծառայություններ մատուցելու և այլ կարևոր քայլեր իրականացնելու շուրջ։
Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել րոպե առաջ լծվել գործի և աջակցել Արցախ աշխարհի վերականգնմանը։
Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր ցանկություն էին հայտնել հանդիպել, սակայն ժամանակը թույլ չտվեց։
Խոստանում եմ բացը լրացնել հաջորդ այցիս ընթացքում։
Արցախ-Հայաստան կապը անխափան աշխատելու է, և մենք մշտական համագործակցության մեջ ենք լինելու իրենց գիտելիքն ու ներուժը հայրենիքի հզորացման գործում ներդնել ցանկացողների հետ։
Արցախն ապրելու է հայերեն»: