Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը դադարեցրել է եվրոպական ուղևորությունը, վերադարձել է Վաշինգտոն` համակարգելու կառավարության պատասխանը ամերիկյան պետական գործակալությունների դեմ ռուսական ենթադրյալ զանգվածային կիբեռհարձակումներին, գրում է Politico-ն:
Հաքերների թիրախում էին ԱՄՆ Ֆինանսների, Առևտրի, Ազգային անվտանգության և պաշտպանության գերատեսչությունները:
Մոտ օրերս Օ’Բրայենը Սպիտակ տանը կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի հանդիպումներ իր կիբեռանվտանգության թիմի հետ, առաջիկա մի քանի օրերին հնարավոր է նաև ԱԱԽ-ի տնօրենների կոմիտեի հանդիպումը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հերքել է համակարգչային այդպիսի հարձակումներին Ռուսաստանի ներգրավվածության մասին ԱՄՆ բոլոր մեղադրանքները: Նա հիշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան կողմին առաջարկել է տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Նրա կարծիքով՝ «դա թույլ կտա երկու երկրներին համագործակցել և հակազդել ցանկացած կիբեռհանցագործություններին, կիբեռլրտեսության փորձերին»: