Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչակազմը 90 հազար եվրո տուգանք կվճարի քաղաքապետարանում սահմանվածից շատ կին պաշտոնյաներ նշանակելու համար: Այս մասին հայտարարել է Փարիզի ղեկավար Անն Իդալգոն՝ ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստում՝ հայտնում է ТАСС-ը:
«Քաղաքը պետք է տուգանք վճարի չափազանց շատ կին ղեկավարներ ունենալու համար: Նրանք կազմում են նշանակումների 69%-ը՝ 11 կին և հինգ տղամարդ: Քաղաքային վարչակազմը, ըստ վերահսկիչ մարմինների, դարձել է չափազանց ֆեմինիստական»,- ասել է Իդալգոն:
Օրենքի համաձայն՝ պաշտոններում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 60-40 տոկոսի, իսկ իդեալականի դեպքում դրանք պետք է հավասար լինեն:
«Մենք պետք է վճռական լինենք կանանց խրախուսելու հարցում, քանի որ Ֆրանսիայում այդ խնդիրը կա, և հավասարության հասնելու համար հարկավոր է արագացնել տեմպերը»,- ասել է Իդալգոն՝ ընդգծելով, որ իր գլխավորած գերատեսչությունը բացառություն չէ: