«Հայփոստը» Հայաստանի մարզերում սկսում է պիլոտային նոր ծրագիր: Առայժմ ծրագիրը կներառի տարբեր մարզերի 10 գյուղ:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած «Հայփոստի» զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:
Նոր նախաձեռնությամբ, գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել և երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:
Էական է, որ «Հայփոստում» պատվիրված դեղերի գինը նույնն է լինելու, ինչ Երևանում: Առաջիկայում ծրագիրը կտարածվի ամբողջ Հայաստանում և կկիրառվի բոլոր գյուղական բնակավայրերում:
«Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի գյուղական վայրերի բնակիչների համար: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը «Հայփոստի» բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ՝ շատ շուտով Հայաստանում, «Հայփոստի» միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է «Հայփոստի» տնօրեն Հայկ Կարապետյանը: