Հարուստ անցյալ՝ անորոշ ապագա... Արցախի մշակութային ու հոգևոր բազմադարյա ժառանգության ճակատագրով հետաքրքրված՝ հայտնի գրող, պատմաբան Քրիստինա Մարանչին իր մտահոգությունը հենց այս նախադասությամբ է արտահայտել theconversation.com պարբերականի հոդվածում: Հայտնի գիտնականն ադրբեջանական վանդալիզմի մասին ահազանգ հնչեցնելով՝ մատնանշում է այն հուշարձաններն ու կոթողները, որոնք վնասվել են պատերազմի ժամանակ Ադրբեջանի բարբարոսությունների արդյունքում:
theconversation.com - «Պատերազմն արդեն վնասել է բազմաթիվ հայկական հուշարձաններ։ Աշնանն ադրբեջանական զորքերը գնդակոծել են Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ հնագույն քաղաքը։ Վնասվել է նաև Շուշիի պատմական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որն աշխարհի խոշորագույն հայկական տաճարներից մեկն է»։
Շուշին ԼՂ-ի մշակութային մայրաքաղաքն է, նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո քաղաքում պղծվել է նաև Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Տարածաշրջանում հայկական ներկայության ապացույցը հեղինակը փաստերով է ներկայացնում: Փաստերը բազմադարյա մշակութային վկաներն են՝ հազարամյա խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր: Հոդվածագիրն անդրադարձել է նաև Քաշաթաղի շրջանում գտնվող Ծիծեռնավանքին, որն, իդեպ, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է՝ թվագրվում է 5-րդ դարին, այժմ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է:
theconversation.com - «Մշակութային ժառանգությունների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները, թանգարանները, գիտնականները, լրագրողներն ու եկեղեցական առաջնորդներն ամենից շատ մտահոգված են էթնիկ հայ բնակչությանը ներկայացնող մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձանների ճակատագրով։ Գիտնականները մտավախություն ունեն, որ հուշարձանները կարող են բախվել նույն ճակատագրին, ինչին բախվեցին Նախիջևանում գտնվող հայկական հուշարձանները։
Արցախում հոգևոր-մշակութային կոթողների ճակատագիրն այս օրերին մտահոգում է աշխարհի հայտնի կառույցներին: «Պատերազմական հանցագործություն»՝ հեղինակավոր Human Rights Watch-ը Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու փաստին այս բնոշումն է տվել՝ ծավալուն հոդվածում հիշեցնելով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել:
Human Rights Watch - «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի հավաքած զենքի մնացորդներն ապացուցում են, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»:
HRW-ին հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ի հետ հարցազրույցում նշել է, թե եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության արդյունք: Հոդվածագիրը հիշեցրել է, որ եկեղեցու հրթիռակոծման արդյունքում վիրավորում են ստացել նաև տեղանքում այդ պահին աշխատանք իրականացրած լրագրողները: