Ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորականներն ու քաղաքացիները երեկ «Էրեբունի» օդանավակայանից ուղիղ Երևանի կայազորային հոսպիտալ են տեղափոխվել: Ներսում տղաներին են հետազոտում, դրսում՝ ծնողներն ու հարազատները սրտատրոփ սպասում:
Ալինա Առստամյան - Նոյեմբերի 4-ից տեղեկություն չունեինք: Դե, հեն ա, փառք Աստծո, 40 օր հետո եկավ: Աստված բոլորի հետ, ով որ մնացել ա էնտեղ, ոչ մեկին ոչ մի բան չպատահի:
Ալինան հայրենի քաղաքը՝ Շուշին կորցնելուց բացի՝ ժամանակավոր կորցրել էր նաև եղբորը: Պատերազմի օրերին տեղափոխվել էին Երևան, եղբայրը մնացել էր բերդաքաղաքը պաշտպանելու, բայց թշամու հատուկ ջոկատայինները գերեվարել էին նրան:
Ալինա Առստամյան - Չեմ կարա ասեմ՝ ինչ ապրումներ եմ ունեցել, շատ գժվելու պահ ա, չեմ իմանում: Ասում ա՝ լավ եմ, ծիծաղում ա, ասում ա՝ դուք լավ եղեք, դուք ոնց եք եղել:
Հիմա պատուհանին նայելով, տղաների ձայնը՝ հեռախոսով մի քանի րոպե լսելով, մի քանի լուսանկարի նայելով՝ կարոտը կառնեն, որ օրեր հետո տանը դիմավորեն:
Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նաև 2019-ի օգոստոսին գերեվարված Արայիկ Ղազարյանին: Ժամկետային զինծառայողը մոլորվել էր Արցախի հարավարևելյան սահմանագոտում, գերության մեջ մնացել մեկ տարի չորս ամիս: Մայրը որդու անունը վերադարձողների ցուցակում մի քանի անգամ կարդացել, աչքերին չի հավատացել:
Կարինե Մնացականյան (Արայիկ Ղազարյանի մայրը) - Շատ էի կարոտել, համարյա չեմ խոսել ոչ մի բառ, մենակ գրկել եմ տղուս: Արոն իրեն նման է, շատ չի նիհարել, բայց, ասենք, մի քիչ ընկճված էր: Բաներ կային՝ ինչ ասում էինք, ասում էր՝ հա, բայց չէի պատկերացնում, որ Արայիկը տենց պիտի լիներ»:
Հորաքույրն ասում է՝ Արայիկին մի քանի րոպե են տեսել. հուզված էր, չէր հավատում, որ Հայաստանում է: Մտածել է, որ իրեն երրորդ երկիր են տանում:
Լարիսա Ղազարյան (Արայիկ Ղազարյանի հորաքույրը) - Երբ իմացանք, որ Արայիկիս անունն էլ կա, բոլոր տեղերից զանգում էին: Ես չգիտեի՝ հուզվեցի... Մի խոսքով՝ չգիտեի՝ ինչ անսպասելի հրաշք ա կատարվել իմ ախպոր երեխու հետ: Ես ուրախությունից ոչ թե լացել եմ, այլ ուրախության արցունք եմ թափել:
Դրսում ոչ միայն վերադարձածների հարազատներն են, այլև նրանք, ում որդիներից դեռ լուր չկա: Փորձում են մի նոր բան իմանալ, հույսը չեն կորցնում: