ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:
«Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ Կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Նախօրեին գերիների մեծ քանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը, և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով՝ վարչապետի և խմբակցության հանդիպումը եղել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությամբ: «Եթե այլ ֆրակցիաների ներկայացուցիչներ ցանկություն ունենան հանդիպելու Կառավարության անդամների հետ, վերջիններս համաձայնություն կտան»,- նշեց նա: