AYO հարթակն այս տարի «Շոկոլադի բանկը» բացել է արցախցի երեխաների համար: Արդեն 6-րդ տարին է՝ մարդիկ ամանորից առաջ քաղցրավենիք են հավաքում և ուղարկում կարիքավոր ընտանիքներին: Հիմա նույնիսկ չեն էլ մտածել, թե ուր են տանելու շոկոլադե փաթեթները: Պատասխանը՝ պարզ էր:
Արդեն հասցրել են 400 կգ-ից ավելի կոնֆետ կուտակել: Ո՞վ կուտի, ո՞ւմ կքաղցրացնի նախաամանորյա ակցիան այս տարի, պարզ էր դեռ սեպտեմբերի վերջին օրերից:
Մարգարիտ Փիլիպոսյան (ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն) - Այս տարի, բնականաբար, հարց չառաջացավ ուր պիտի գնան՝ պիտի գնան Արցախի բալիկներին ուրախացնելու:
ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակում անկեղծանում են. չնայած AYO-ի իրենց հարթակի շոկոլադային նախաձեռնությունը սկսել էին 2014-ին լարված սահմանով Տավուշից, պատերազմի պատճառով այս տարի նույնիսկ որոշել էին կոնֆետ ոչ հավաքել, ոչ էլ բաժանել:
Հելենա Մելքոնյան (ՀՕՖ-ի AYO հարթակի համայնքների հետ կապերի ղեկավար) - Բայց հասկացանք, որ ոչ՝ ընդհակառակը, պետք է այնպես անենք, որ բոլոր երեխաները ժպտան՝ ոչ միայն արցախցիները: Այս տարին ծանր էր, ցավոտ հատկապես երեխաների համար՝ հեգեբանական առումով:
Անցել են գործի՝ սոցցանցի ընկեր-ընկերների ընկերներով բոլորին առաջարկում են առևտուր անելիս լրացուցիչ 1 կգ շոկոլադ գնել, տանել ՀՕՖ-ի Երևանի գրասենյակ: Ով ուզում՝ շատ ավելին է բերում:
Քանի որ այս տարի իրենց քաղցր օրապահիկը բերող զինծառայողներ չկան, կորոնավիրուսն էլ մի սալիկով ծրագրին միացող տատիկ-պապիկներին է տներում փակել, «Շոկոլադի բանկի» պարունակությունը 2019-ի ռեկորդային՝ մոտ 1.5 տոննային մոտեցնելու հույսն անձնական կապերն են:
Շոկալադ այստեղ ընդունելու են մինչև դեկտեմբերի 20-ը: Հետո կփաթեթավորեն 1.5-ից 2 կգ ու կտանեն Հայաստանում ժամանակավոր ապաստանած արցախցիներին: Կարիքավորների ցուցակ, հասցեներ ունեն, քանի որ զուգահեռ օգնության՝«Արցախը մենք ենք» ծրագիր են իրականացնում:
Հելենա Մելքոնյան - Արցախից եկած բոլոր այն ընտանքիները, որոնք ունեն տաք վերմակների, տաքացուցիչների կարիք՝ մենք դա տրամադրում ենք, հիմա էլ ընթացքի մեջ է, մենք հավաքում ենք գումարն ու արագ այդ ամենը վերածում ապրանքների ու բաշխում մարդկանց:
Կորցրած կյանքերից, հողից ու քաոսից անկախ՝ չենք հանձնվելու՝ գրված է AYO-ի էջին: Արցախցի երեխաների համար նվեր բերվող կոնֆետը, հույս ունեն, վերջին այս շաբաթում արագ կավելանա: